Երբ խորհում ես հայ ժողովրդի առավել քան ողբերգական պատմական անցյալի մասին, ակամա հառնում է հոգումդ` որքան դժվար է հայ լինելը: Բայց անմիջապես էլ քեզ ոգեկոչում են անցյալի բազում հանճարներն ու դյուցազունները` հայ ցեղի աստվածատուր ոգին, և հպարտության զգացում ես ապրում, այո, հպարտության զգացում, քանզի հենց քո դարում հայ ցեղի արգանդը ծնեց նորանոր հանճարներ ու տաղանդներ, դյուցազուններ ու հերոսներ, ովքեր փառքով պսակեցին մերօրյա արցախյան հերոսամարտը: ՈՒրեմն` «ցեղորեն, ցեղորեն ապրենք, որպեսզի սրտով մեծ և զորավոր վարդաններն ու վահանները (նժդեհները, ազգալդյանները, մոնթեները, կրպեյանները- Ա. Ծ.) անպակաս լինեն հայոց աշխարհում: Ցեղն է ժողովրդի հոգևոր զինարանը. գիտակցեք, որ երբ ցեղն է գործում, գարահիսարցի մի հյուսն դառնում է Անդրանիկ, սեբաստացի մի շինական` Մուրադ (գենով վանեցի մեկը` Կարեն Դեմիրճյան- Ա. Ծ.). ցեղն է մեր ապավենը» (Նժդեհ):
Խիզախ հայ կինը` Ռիմա Դեմիրճյանը, իր «Հիշատակ» հրաշալի տարեգրքում հետադարձ հայացքով զննում է Կարեն Դեմիրճյանի կյանքի անցած ուղին, իմաստավորում, գնահատում, վերագնահատում: «Մեղք կլիներ բողոքել Կարենի հիշատակի հանդեպ ուշադրության բացակայությունից: Սակայն Կարեն Դեմիրճյանը որպես ղեկավար և որպես մարդ, այնուամենայնիվ, մնում է քիչ ճանաչված լայն հասարակության կողմից» (Ռիմա Դեմիրճյան):
Այո, Կարեն Դեմիրճյանը մեր պետության ու ժողովրդի կողմից արժանիորեն գնահատվեց հետմահու` նրան շնորհվեց Ազգային հերոսի կոչում: Բայց լիովին ճշմարիտ է, որ նա, այնուամենայնիվ, լայն հասարակության կողմից մնում է քիչ ճանաչված` որպես մարդ և որպես ղեկավար:
Նախ կուզենայի իմ գոհունակությունը հայտնել խիզախ տիկնոջը, տաղանդավոր պետական, քաղաքական, տնտեսական գործչի, մեծ հայրենասերի` Կարեն Դեմիրճյանի, պայծառ կենսագրությունը երախտապարտ հայրենակիցներին ազնվորեն մատուցելու համար:
Այո, որքան դժվար է հայ լինելը, բազմապատիկ դժվար է Հայաստանի Հանրապետության առաջնորդ լինելը. հանրապետություն, որ շրջապատված է ոխերիմ թշնամիներով և այլ հարևաններով, որոնց, մեղմ ասած, բարյացակամ վերաբերմունքը չի երաշխավորված անբարենպաստ աշխարհաքաղաքական իրադրություններում. հանրապետություն, որն ունի պատմական, ռազմաքաղաքական, առևտրատնտեսական, սեյսմիկ, պարենային, էներգետիկ, բնապահպանական, ժողովրդագրական, գուցե և այլ լրջագույն խնդիրներ: Այո, այսօր առավել քան դժվար և պատասխանատու է Հայաստանի Հանրապետության առաջնորդ լինելը:
Խորհրդային տարիներին վերոհիշյալ խնդիրներից առկա էին մասնավորապես պատմական, սեյսմիկ, բնապահպանական, նաև ներհանրապետական ազգային որոշակի խնդիրներ` կապված ալիևա-բաղիրովյան ուղղակի և անուղղակի խարդավանքների ու ոտնձգությունների հետ` պայմանավորված նաև բրեժնևա-սուսլովյան ոչ հայանպաստ ճնշումներով: Եվ այն ժամանակ էլ մեծագույն խիզախություն ու պատասխանատվություն էր հարկավոր` լինել Հայաստանի Հանրապետության առաջնորդ: Սակայն Կարեն Դեմիրճյանը արժանապատվորեն և ազնվորեն կրեց իր խաչը` որպես մարդ, որպես արտադրամասի վարպետ, ինժեներ, գործարանի տնօրեն, քաղկոմի քարտուղար, ՀՀԿ կենտկոմի առաջին քարտուղար` ամենուր արժանանալով աշխատանքային ընկերների, շրջապատի, ժողովրդի սիրուն ու համակրանքին, վստահությանը, քանզի նա ի բնե խարիզմատիկ առաջնորդ էր: Պատահական չէր, որ 1985 թ. Լիգաչովը Հայաստանին Լենինի շքանշան հանձնելու կապակցությամբ այցելելով Հայաստան, ականատես էր եղել, թե ժողովուրդը ամենուրեք ինչպիսի ջերմությամբ է դիմավորում Դեմիրճյանին: Վերադառնալով Մոսկվա, նա Գորբաչովին ասել է. «Այնտեղ Դեմիրճյանի իսկական պաշտամունք է: Կուսակցությունը պետք է սիրել, կուսակցությունը, ոչ թե անհատին»։ Իսկ Դեմիրճյանը նրան արձագանքել է շատ դիպուկ` «Աշխարհում ամեն ինչ կարելի է կազմակերպել, բացառությամբ մարդկանց աչքերում սիրո և համակրանքի արտահայտությունների»: Ահա այսպիսի կենսագրությամբ պետք է դառնալ ժողովրդի առաջնորդ և ոչ թե գրասեղանի առջևից վեր կենալ, առաջնորդ հռչակվել` երկրի եղած-չեղածը քամուն տալ:
ՈՒշադրությամբ ընթերցելով «Հիշատակ» հրաշալի տարեգիրքը, մեկ անգամ ևս համոզվում ես դրանում: Էջ առ էջ թերթելով այն, կներկայացնեմ ակնհայտ փաստեր, վկայություններ, ընդ որում` նաև անբարյացակամ, թիկունքից դավող, նույնիսկ թշնամի մարդկանց, կուսակցական, պետական գործիչների, գրողների, լրագրողների առավել քան դրական գնահատականները` տրված Կարեն Դեմիրճյանի ողջ գործունեությանը. փաստեր, որոնք վկայում են առաջնորդ Դեմիրճյանի խիզախության, պատասխանատվության, ազգային ու պետական լայն մտահորիզոնի մասին:
1974 թ. նոյեմբերին Դեմիրճյանն ընտրվեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար: 1975 թ. հունվարյան պլենումն արդեն նախանշեց հանրապետության զարգացման բոլորովին նոր փուլ: Հեռատեսորեն հաշվի առնելով Հայաստանի աղքատ ռեսուրսները` առաջնային ճանաչվեցին պակաս նյութատար, պակաս էներգատար, գիտատար ուղղությունները` ռադիոէլեկտրոնիկան, ճշգրիտ մեքենաշինությունը, սարքաշինությունը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, որոնք, ի դեպ, պահանջում էին որակավորված աշխատանք, ուրեմն և համալսարանում ու ինստիտուտներում համապատասխան ֆակուլտետների հիմնում: Նախատեսվում էր նաև թեթև արդյունաբերության ու էներգետիկայի զարգացման լայն ծրագիր:
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար աշխատելու 14 տարիներին Դեմիրճյանը համառորեն ու խիզախորեն ապահովեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը` չնայած ալիևա-բաղիրովյան խարդավանքներին և բրեժնևա-սուսլովյան ամեն տեսակի ճնշումներին:
1975 թ. գարնանը Դեմիրճյանն այցելեց Մեղրի, իսկ մայիսին արդեն պատրաստ էր շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագիր, որն սկսեց իրականանալ բազմակողմանիորեն և ամենայն հետևողականությամբ, որպեսզի դադարեցվի հայ բնակչության արտահոսքը և ադրբեջանցիների ծավալվող ներհոսքը: Իրականացվում էր առանց բացառության բոլոր ոլորտների միաժամանակյա զարգացում` արդյունաբերական ձեռնարկությունների մասնաճյուղերի ստեղծում, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, պահածոների գործարանի վերակառուցում, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացում, ճանապարհների, օդանավակայանի, պոլիկլինիկայի շինարարություն, ռադիո-հեռուստատեսային գծի անցկացում: Շրջանի լայնածավալ զարգացումն ապահովելու համար առաջնահերթ դարձավ Մեղրի-Լիճք-Քաջարան ռազմավարական ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը, որը Մեղրին միացնում էր ոչ միայն Զանգեզուրի արդյունաբերական կենտրոնների, այլև մայր Հայաստանի հետ: ԽՍՀՄ մինիստրների խորհրդի 1976 թ. որոշմամբ` նախատեսվել էր ճանապարհի շինարարությունն ավարտել 1985 թ., բայց Դեմիրճյանը, նկատի ունենալով դրա ազգային անվտանգության նշանակությունը, հաղթահարելով ամեն տեսակի խոչընդոտ, հայտարարելով համաժողովրդական շինարարություն, ավարտեց 1980 թ.: «Իրոք դժվար է պատկերացնել, թե ինչ էր սպասում Մեղրիին, ամբողջ հարավային Զանգեզուրին 1988 թ. հետո, եթե չլիներ այդ ճանապարհը, և մայր հայրենիքի հետ կապն իրականացվեր Նախիջևանով, ինչպես նախկինում էր» ( Ռ. Դ.): «Ճշմարիտ է և այն, որ Հայաստանի խստագույն շրջափակման տարիներին Մեղրիի ճանապարհը մեր գոյության կարևորագույն պայմաններից մեկն էր», ասել է Լ. Տեր-Պետրոսյանը 1998 թ. հունվարի 8-ին` Անվտանգության խորհրդի նիստում:
Մեղրի-Քաջարան ճանապարհի կառուցման հենց սկզբում ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալիևը առաջարկեց կառուցել նաև Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհ, ադրբեջանաբնակ Նյուվադի գյուղի միջով, որն Ադրբեջանի սահմանից հեռու էր 15 կմ: Դա կնշանակեր նպաստել ադրբեջանցիների բնակեցմանը Մեղրիի շրջանում, հեռանկարում` նաև Զանգեզուրում: Այս հարցը մի քանի անգամ քննարկվեց ԽՍՀՄ մինիստրների խորհրդում, քաղբյուրոյում: Ալիևը նույնիսկ դիմեց երկրի ռազմական ղեկավարությանը` զինված ուժերի հրամանատար մարշալ Սոկոլովին, անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատար գեներալ-գնդապետ Կուլիշևին` վերոհիշյալ ճանապարհի կառուցումը ԽՍՀՄ-ի համար ներկայացնելով որպես ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկում: Բայց Դեմիրճյանը անդրդվելի էր, չնայած այն բանին, որ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Բ. Սարկիսովը Դեմիրճյանին համոզում էր, որ համաձայնի Ալիևի հետ, թե չէ իր համար վատ կլինի: Մնում է զարմանալ, թե Հայաստանի ղեկավարությունը ինչպես դիմացավ այդ ճնշումներին` նժդեհյան սյունյաց հերոսամարտերից հետո ևս մեկ անգամ փրկելով Սյունիքը ադրբեջանացումից, իսկ Հայաստանը` անկլավային վիճակից:
1999 թ. հոկտեմբերի 23-ի Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում դարձյալ առաջարկվեց, չարաբաստիկ Հոբլի ծրագրով նախատեսված, Ադրբեջանի սահմանից Մեղրիի միջով ճանապարհ կառուցել դեպի Նախիջևան` այն փոխանակելով Լաչինի միջանցքի հետ: Խորհրդի 8 անդամներից 5-ը քվեարկեց կողմ, մեկը` ձեռնպահ, իսկ Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը` դեմ: Այսինքն, դարձյալ առաջարկվում էր Հայաստանը վերածել անկլավի: Խորհրդում Դեմիրճյանը հիմնավորապես ապացուցում էր դրա անթույլատրելիությունը` ազգային անվտանգության տեսակետից: Թերևս հենց դա էլ կյանք արժեցավ մեր երկու մեծ զավակների համար:
Չկար մի բնագավառ` արդյունաբերություն, գյուղատնտեսություն, բնապահպանություն, շինարարություն, մշակույթ, կրթություն, գիտություն, որտեղ Դեմիրճյանը չասեր իր վճռորոշ խոսքը` ամենահեռանկարային լուծումներով: Հետևողականորեն և մեծ ջանքերի գնով հաղթահարելով միութենական ու տեղական լրջագույն խոչընդոտներ` վերամասնագիտացվում էին տեխնիկական և բնապահպանական մեծ վտանգ ներկայացնող, նաև նյութատար ու էներգատար մի շարք խոշոր գործարաններ: Այսպես, Քանաքեռի ալյումինի գործարանը աշխատում էր ներմուծվող հումքով, և էլեկտրոլիզով ստացվող ալյումինը ուղարկվում էր մեծ երկիր: Արտանետումները թունավորում էին մթնոլորտը, շրջապատը, չորացնում բուսականությունը, առաջացնում զանազան հիվանդություններ: Վերամասնագիտացման պայքարը շատ դժվարին էր: Նույնիսկ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Կոսիգինի, պետպլանի նախագահ Բայբակովի աջակցությունը բավարար չէր. գունավոր մետալուրգիայի մինիստր Լոմակոն ոչ մի կերպ չէր համաձայնում փակել էլեկտրոլիզի արտադրամասը` «բոլորը պահանջում են մաքուր օդ, իսկ ո՞վ աշխատի, ո՞վ ալյումին արտադրի»,- ասում էր նա այն դեպքում, երբ Վոլգոգրադում, Վոլխովում, Զապորոժիեում տասնյակ և հարյուրավոր անգամ ավելի ալյումին էին արտադրում: Եվ ահա մի անգամ Լոմակոն հայտարարեց. «Եթե կարողանաք 7-միկրոնանոց փայլաթիթեղ արտադրել, կհամաձայնեմ էլեկտրոլիզը փակել»: Փայլաթիթեղը օգտագործվում էր ռադիոէլեկտրոնիկայում և դեռ թողարկվում էր միայն Ճապոնիայում: Մինիստրը թերևս հույս ուներ, թե չեն կարող և կհրաժարվեն: «Եթե դժվար է, ուրեմն կարող ենք»,- վճռեց Դեմիրճյանը, և կարճ ժամանակ անց գործարանը սկսեց փայլաթիթեղ արտադրել` Միությունում առաջինը, և էլեկտրոլիզի վտանգավոր արտադրությունը փակվեց:
«Նաիրիտ» գործարանը մայրաքաղաքի կենտրոնում մեծ վտանգ էր ներկայացնում: Հեղուկ քլորը ցիստեռններով էր բերվում, որի պայթյունի դեպքում քաղաքի կեսը կարող էր ոչնչանալ: Այս վիճակը այնքան էր անհանգստացնում Դեմիրճյանին, որ նա բազմաթիվ տագնապալի գիշերներ էր անցկացնում, հաճախակի քնից վեր էր թռչում, զանգահարում Ֆադեյ Սարգսյանին և հարցնում` Տաճատիչ, հո որևէ բան չի՞ պատահել: Ի վերջո, համառ ու անզիջում պայքարով հաջողվեց հեղուկ քլորը փոխարինել հեղուկ գազից ստացվող հումքով` ապահովելով մայրաքաղաքի անվտանգությունը: Իսկ ԽՍՀՄ մինիստրների խորհրդում աշխատող հայազգի Կոստանդինովը ամեն կերպ խանգարում էր և հայտարարում` հայ ժողովրդի կյանքի գնով նույնիսկ պետք է սինթետիկ կաուչուկ արտադրել, որին Դեմիրճյանը խստորեն արձագանքեց` չես օգնում, գոնե մի խանգարիր:
Դեմիրճյանն այն կարծիքին էր, որ Հայաստանի ԱԷԿ-ը պետք է փոխարինել էներգիայի այլ աղբյուրներով, քանզի այն կառուցվել է ոչ անվտանգ վայրում` սեյսմիկ գոտում, ջրային ավազանի շրջակայքում, Արարատյան դաշտի սրտում: ԽՍՀՄ ատոմային էներգիայի կոմիտեի նախագահ Պետրոսյանցն ասում էր, որ մենք ռիսկի ենք դիմել, իսկ Դեմիրճյանը դա անվանեց արկածախնդրություն:
Համառ պայքարով Հրազդանի լեռնամետալուրգիական կոմբինատը, որը նույնպես բնապահպանական վտանգ էր ներկայացնում, վերամասնագիտացվեց ռադիոէլեկտրոնիկական ապրանքների արտադրության գործարանի: ԽՍՀՄ ռադիոէլեկտրոնիկայի արդյունաբերության մինիստր Պլեշակովը զարմանքով հարցրել է Դեմիրճյանին. «Քեզ ինչպե՞ս հաջողվեց այդքան մեծ գումարներ կորզել կենտրոնից այդ գործարանի վերամասնագիտացման համար»:
1985 թ. ԽՄԿԿ-ն հակաալկոհոլային անհեթեթ արշավ էր սկսել, և ողջ Միությունում քանդվում էին հարյուր հազարավոր հա խաղողի այգիներ, ապամոնտաժվում էին գինու, կոնյակի, օղու բազմաթիվ գործարաններ` վիթխարի վնաս հասցնելով մեծ երկրի տնտեսությանը: Դեմիրճյանը չգնաց այդ չկշռադատված ուղիով: Հայաստանում չքանդվեց խաղողի ոչ մի այգի, նույնիսկ շարունակվում էր խաղողի վերամշակման գործարանների շինարարությունը, իսկ կենտրոնին հանգստացնելու համար գինու պաշարները կոնյակի սպիրտի վերածվեցին` ապահովելով կոնյակի արտադրության հետագա ծավալումը:
Երախտապարտ ժողովուրդն իր ստեղծագործ առաջնորդին «Կարեն շինարար» էր հռչակել: Եվ իրոք, ամենուր դրսևորվում էին Դեմիրճյանի կազմակերպչական տաղանդն ու զարմանալի եռանդը: Դեռ քաղկոմի քարտուղար եղած տարիներին կենտկոմը հենց նրան հանձնարարեց ղեկավարել ցեղասպանության հուշարձանի, «Հրազդան» մարզադաշտի, Երևանյան լճի շինարարությունը: Ստանձնելով երկրի առաջնորդի դերը, հաղթահարելով ամեն տեսակի խոչընդոտ, նա կառուցեց ու շահագործման հանձնեց Միությունում նմանը չունեցող մարզամշակութային հոյակերտ համալիրը, մայրաքաղաքի մետրոն, որոնք արժանիորեն կրում են Կարեն Դեմիրճյանի անունը:
Երկրի կենսուրախ, եռանդուն առաջնորդի պրպտուն միտքը դադար չուներ. աշխարհի որ ծագում էլ հայտնվեր, մի նորույթ, մի բարիք էր բերում իր հայրենիք` օրինակ, խնձորենու, ընկուզենու նոր տեսակներ և դրանց նորանոր այգիների հիմնում. երախտապարտ ժողովուրդը խնձորի տեսակներից մեկը կոչեց «Դեմիրճյան»: Պետական ու տնտեսական իրատես քաղաքականության շնորհիվ հանրապետությունը լիուլի ապահովվում էր գյուղատնտեսական մթերքներով, կենցաղային պարագաներով: Ակնհայտ էր, որ Հայաստանը հարևան հանրապետությունների համեմատությամբ տնտեսական մեծ առաջընթաց էր ապրում: Պատահական չէ, որ Ղազախի բարձունքներից մեկում Ալիևի կողմից մեծամոլաբար տեղադրված` «Широко шагает Азербайджан» ցուցանակի տակ սրամտորեն և արդարացիորեն ավելացվել էր` «По магазинам Армении»: Եվ իրոք, թե՛ ադրբեջանցիները, թե՛ վրացիները, նաև Ռուսաստանի անապահով շրջաններից Հայաստանից արկղերով կրում էին ամեն տեսակի կաթնամթերք, երշիկեղեն, կենցաղային իրեր: Փաստորեն, Հայաստանի տնտեսությունը ծառայում էր ողջ Անդրկովկասին. կարծում եմ, ընթերցողը ճիշտ և ազնիվ եզրակացություն կանի այս ամենից: Բայց, այնուամենայնիվ, այդ ազնիվ եզրակացությունը ավելի ևս հիմնավորելու համար թերևս արժե ներկայացնել ոչ անհայտ գործիչների անաչառ կարծիքները:
Միության փլուզումից ոչ շատ առաջ վարչապետ Հրանտ Բագրատյանը, վերադառնալով Մոսկվայում անցկացված հերթական խորհրդակցությունից, հեռուստատեսությամբ, փոքր-ինչ զարմացած, բայց ազնվորեն ասաց. «Պարզվում է, որ մեր հանրապետության տնտեսության ենթակառուցվածքը Միության մեջ լավագույնն է». ավելի լավ չես ասի:
Շատ պատկերավոր է ասել նաև Վլ. Մովսիսյանը. «Կարեն Դեմիրճյանի գործունեոությունը մեծ պատմություն է, ստեղծագործական ժամանակահատված, երբ Հայաստանում կատարվեցին էական որակական և քանակական բարեփոխումներ, մի խոսքով` կատարվեց անաղմուկ և անարյուն հեղափոխություն, որի դասերն այսօր ստեղծված իրավիճակում անչափ ուսանելի են»:
Շևարդնաձեն իր հուշերում գրում է. «Կարող եմ ասել, որ ամենա-ամենալճացման տարիներին նա (Դեմիրճյանը) համարյա միշտ գտնում էր ճիշտ, համարձակ ելքը, եթե դա պահանջում էին իր հանրապետության շահերը». այո՛, ավելի լավ չես ասի:
«Կարեն Սերոբովիչը արտասովոր պրակտիկ էր. էլեկտրիկի չափ էլեկտրականություն էր հասկանում, շինարարի չափ` շինարարություն, և իր ողջ իմացությունը շաղախված էր տեսությամբ, փիլիսոփայությամբ` ինչպես դասական, այնպես էլ արդիական» (Հրանտ Ղազարյան, «Հայաստան» հրատարակչության նախկին տնօրեն):
Պատմական գիտությունների դոկտոր Վլ. Պետրոսյանն իր «Չմոռանանք» գրքում գրում է. «1996 թ. Մոսկվայում կայացած միջազգային համաժողովում ծանոթացա Լիգաչովի հետ: «Ես Դեմիրճյանի հարցով թույլ եմ տվել անուղղելի սխալ, որ 1988 թ. մարտի 9-ի քաղբյուրոյի նիստում չպաշտպանեցի նրան»: ՀԿԿ ներկա առաջին քարտուղար Ռ. Թովմասյանը Մոսկվայում հանդիպել է Դոլգիխին, որն ասել է. «Երբևէ դուք կհասկանաք և կգնահատեք, թե ինչ է արել Դեմիրճյանը ձեզ համար այդ օրերին»:
Ի՞նչ դիրքորոշում ուներ Դեմիրճյանը Արցախի հարցի վերաբերյալ ընդհանրապես և շարժման ժամանակաշրջանում` մասնավորապես: 1975 թ. սկսած հետևողականորեն մտահոգվելով արցախահայության ճակատագրով, նա, լինելով շատ իրատես, չէր կարող անտեսել այն հանգամանքը, որ 1960-ական թթ. Արցախի հարցի լուծման ձախողումից հետո կտրուկ վատացավ արցախահայության վիճակը: Ադրբեջանցիները, Ալիևի ղեկավարությամբ, սկսեցին դաժան հալածանքները հայ բնակչության նկատմամբ: Արգելվում էր հայոց պատմության, աշխարհագրության դասավանդումը, փակվում էին հայկական դպրոցները: Տասնյակ արցախահայեր ձերբակալվեցին ու բանտերում տանջամահ արվեցին, հազարավորները «համաժողովրդական» շինարարական աշխատանքների և այլ ձևակերպումներով վերաբնակվեցին Սումգայիթում և Ադրբեջանի այլ բնակավայրերում` արհեստականորեն նվազեցնելով հայության թվաքանակը:
Զանազան հալածանքներով ստիպում էին հեռանալ Հայաստան, Միության այլ բնակավայրեր: Հայաթափությունը ծավալվում էր ինչպես Նախիջևանում, այնպես էլ Արցախում:
Դեմիրճյանը, հաշվի առնելով նախորդ տասնամյակի անցանկալի իրադարձությունները և հասկանալով, որ ԽՄԿԿ-ն մտադիր չէ արդարացիորեն լուծելու արցախյան հարցը, 1975-ից սկսած քայլեր ձեռնարկեց բարելավելու արցախահայության մշակութային, հոգևոր և կրթական կյանքը: Մեծ պատվիրակություն ուղարկվեց Արցախ, բազմաքանակ շինանյութերով` վերականգնելու դպրոցները, Շուշիի տաճարները, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը. կարճ ժամանակում անցկացվեց Գորիս-Ստեփանակերտ ռադիոհեռուստատեսային գիծը, սակայն որի շահագործումը Ադրբեջանի մեղքով ձգձգվեց 10 տարով և միայն 1988 թ. մայիսին արցախցիները մայրենի լեզվով ունկնդրեցին Հայաստանից հեռարձակվող ռադիոհեռուստատեսային հաղորդումները:
1977 թ. ԽՍՀՄ Սահմանադրության ընդուման կապակցությամբ Դեմիրճյանը դիմեց քաղբյուրոյին` առաջարկելով բարձրացնել Արցախի կարգավիճակը` ավտոնոմ հանրապետության մակարդակի` դրանով ևս մեկ գործոն ստեղծելով հայության արտահոսքը կանխելու համար: Սակայն Սուսլովը քաղբյուրոյի անունից ոչ միայն մերժեց այն, այլև պահանջեց դադարեցնել Հայաստանից, Արցախից Կրեմլ ուղարկվող նամակների, բողոքների, հեռագրերի հոսքը: Իսկ Բրեժնևը Դեմիրճյանին մեղադրեց Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար: Ի վերջո, 1988 թ. արցախյան շարժման օրերին Դեմիրճյանին հաջողվեց այդ հարցը վերջնականապես համաձայնեցնել քաղբյուրոյի հետ: Սակայն նա հասկանում էր, որ քաղբյուրոն բոլորովին էլ մտադիր չէ Արցախը հանելու Ադրբեջանի ենթակայությունից, դրա համար էլ ավտոնոմ հանրապետության կարգավիճակը միջանկյալ քայլ էր համարում` հետագայում հարցը անարյուն լուծելու համար: Այս կապակցությամբ Լիգաչովն ասում էր. «Ներկա սերունդը կլուծի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, իսկ հաջորդ սերունդն այն կմիացնի Հայաստանին»:
1988 թ. փետրվարի 26-ին Լուկյանովի և Դոլգիխի ներկայությամբ կայացավ ՀԿԿ կենտկոմի պլենումը: Քննարկվելու և քվեարկվելու էր քաղբյուրոյի անդեմ որոշումը Ղարաբաղի վերաբերյալ: Չնայած քաղբյուրոյի անդամների համառ դիմադրությանը, Դեմիրճյանը պլենումի անդամներին ստիպեց ելույթներ ունենալ և որոշում կայացնել` ստեղծել հանձնաժողով «Լեռնային Ղարաբաղի դրության մասին»: Դեմիրճյանը այս ոգով էլ մարտի 9-ի քաղբյուրոյի նիստում ներկայացրեց իր նախագիծը` մի շարք առաջարկություններով: Սակայն Գորբաչովն ու Յակովլևը նախապես նենգորեն փոխել էին նախագծի վերնագրի ոգին, այն դարձնելով` «Դրությունը Լեռնային Ղարաբաղում»: Դեմիրճյանը մեծ զայրույթով արձագանքեց դրան` Գորբաչովին պարզապես մեղադրելով կեղծարարության մեջ: Քաղբյուրոյից նա պահանջեց քաղաքական գնահատական տալ Սումգայիթի ոճրագործություններին, դատել մեղավորներին, Արցախը հանել Ադրբեջանի ենթակայությունից, քանզի այն չի կարող այլևս անվտանգ գոյատևել:
Փետրվարի 26-ի ՀԿԿ պլենումից և մարտի 9-ի քաղբյուրոյի նիստից հետո հալածանքները ավելի սաստկացան Դեմիրճյանի հանդեպ: Մարտի 22-ին Գորբաչովը զորք մտցրեց Հայաստան` ցույցերը ճնշելու, բայց, այնուամենայնիվ, Դեմիրճյանի վճռականության շնորհիվ ոչ մի արյունահեղություն տեղի չունեցավ, որի մասին գոհունակությամբ նշեց նաև զորքի հրամանատար մարշալ Կուրոտկինը` Հայաստանից հեռանալիս: Ցավոք, Դեմիրճյանի պաշտոնազրկումից հետո եղան Մասիսի, Զվարթնոցի, Սովետաշենի, կայարանի արյունալի դեպքերը:
Այսպիսով, քաղբյուրոն Արցախի հարցը արդարացիորեն լուծելու փոխարեն, քավության նոխազ դարձրեց Դեմիրճյանին, նրան մեկուսացրեց ժողովրդից, ի վերջո, մայիսի 21-ին պաշտոնազրկեց, պարտադրված ուղարկեց Մոսկվա, լիովին մեկուսացնելով Հայաստանից: Դեմիրճյանը Հայաստան վերադարձավ 1988 թ. դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի օրը: Նիկոլայ Ռիժկովի վկայությամբ, Գորբաչովի և Ս. Հարությունյանի խարդավանքները թույլ չտվեցին, որ մեծ հայորդին, թեկուզ որպես շարքային աշխղեկ, աղետի գոտում ծառայի իր սիրելի ժողովրդին:
«Հիշատակ» տարեգիրքն իր անկեղծ ու անմիջական շարադրանքով գերում է ընթերցողին. նրա առջև վեհորեն հառնում է կենսուրախ, հումորով լի, անմիջական մարդու, տաղանդավոր պետական, քաղաքական, տնտեսական գործչի, մեծ հայրենասերի, վաստակաշատ հայորդու պայծառ կերպարը:
Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ